Մեսսին Մայամիում ներկա է եղել Ջոկովիչի խաղին. Նովակը դուրս է եկել Մասթերսի եզրափակիչ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ներկա է գտնվել Մայամիի (ԱՄՆ) Masters մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպմանը, որում միմյանց հետ մրցել են ATP-ի վարկանիշային աղյուսակի 15-րդ ռակետ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը և սերբ Նովակ Ջոկովիչը, փոխանցում է Armsport-ը։
Ջոկովիչն այդ խաղում 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ: 37-ամյա սերբ թենիսիստը դարձել է Masters կարգի մրցաշարերի եզրափակիչների ամենատարեց խաղացողը: Չեմպիոնի կոչման համար խաղում Նովակը կմրցի Թեյլոր Ֆրից-Յակուբ Մենշիկ զույգի հաղթողի հետ։
Մայամի Մասթերսի գործող չեմպիոնը որակազրկված իտալացի Յաննիկ Սիներն է։ Նախորդ տարվա եզրափակչում նա 6:3, 6:1 հաշվով հաղթել էր հենց Դիմիտրովին։ Նշենք, որ աշխարհի թիվ մեկ ռակետը կորտ կվերադառնա Հռոմում կայանալիք մրցաշարին։
Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել 2023 թվականի ամռանը: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: