Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում սպասվող ընտրություններին:
«Գյումրու և Փարաքարի սիրելի բնակիչներ,
Անցած մի քանի տարիները խնդրահարույց են եղել ձեր համայնքների համար, քանի որ որևէ ուժի չէր հաջողվել ձևավորել քաղաքային իշխանություն միանձնյա, ինչը հանգեցրել էր բազմաթիվ բարդությունների: Հիմա դուք ունեք իրական հնարավորություն մանդատ տալու «Քաղաքացիական պայմանագրին» ընտրել համայնքապետ և կառավարության հետ համահունչ զարգացնել համայնքները:
Մնացած բոլոր դեպքերում անորոշությունները Գյումրու և Փարաքարի համար շարունակվելու են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մանավանդ, որ մյուսները երբեք չեն ձգտել հաղթելու, այլ ձգտել են խարդավանքների նոր շղթա ստեղծելու:
Ուստի, գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին՝ մեր Սարիկին և մեր Լյուդվիգին՝ քվեարթերթիկ համար մեկ»,- գրել է նա: