Տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը

Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։
Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակութային գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ:
Ֆիլմի դիտումից հետո նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված աշակերտներին ու նախորդ տարիների շրջանավարտներին, Արա Հարությունյանի ընտանիքին: Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծմամբ ակնհայտորեն երևում են այն արդյունքները, որոնց ուղղությամբ հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ԿԳՄՍ նախարարության կողմից տարվում են աշխատանքներ:
«Գիտեք, որ դպրոցներում ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, որի կարևոր բաղադրիչներից մեկը սովորողների հետազոտական, ստեղծագործական, քննադատական կարողությունների զարգացումն է: Այս ուսումնական տարին նախարարության կողմից հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որովհետև կրթությունը մշակույթից զատելը շատ դժվար է։ Նախագծային աշխատանքն ուսուցման այն եզակի ձևն է, որի ժամանակ աշակերտներն անտրտունջ ու ոգևորված են աշխատում՝ նյութի համար լրացուցիչ աղբյուրներ, ձևեր գտնելով, վերլուծելով և ստեղծագործելով»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմը նախագծային աշխատանքի լավագույն օրինակ է:
Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանի տեղեկացմամբ՝ «Արա Հարությունյանի Կոմիտասը» կրթամշակութային նախագծի շրջանակում դպրոցականները ուսումնասիրել են հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ստեղծագործությունները, մասնավորապես՝ քանդակագործի ստեղծագործական գործունեության այն հատվածը, որը վերաբերում է Կոմիտասին և նրա թողած հարուստ ժառանգությանը: