Սուրեն Պապիկյանը գեներալների «գլխին հսկիչ է» կարգել իր ընկերոջն ու հարսանիքի խաչեղբո՞րը

168․am-ը գրում է․ Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը, և, որ տեսական քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությանը կից լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկը գրավեց մեր ուշադրությունը. ԳՇ պետի կողքին մի երիտասարդ էր նստած և վերահսկում էր գեներալների տեսական քննությունը:
Բաց աղբյուրներից մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ երիտասարդը Արմեն Ղալեչյանն է, ով, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ավելին, նրա հարսանիքի խաչեղբայրն է եղել:
Նշված անձնավորության անվան հետ, ինչպես կարելի է գտնել մամուլում, տարատեսակ աղմկահարույց դեպքեր են կապվում, նաև՝ 2019 թվականին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ այդ ժամանակ «Իմ քայլը» ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ծաղրել է Աստվածաշունչը:
Թե ի՞նչ պաշտոն է վստահել ՀՀ պաշտպանության նախարարությունում Սուրեն Պապիկյանն իր ընկերոջ և հարսանիքի խաչեղբոր համար, կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով 168.am-ի ավելի վաղ արձանագրած փաստերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար դառնալուց հետո իր մտերիմներին տեղավորել է պաշտպանական գերատեսչությունում, դարձրել իրեն օգնական: Ավելին, Պապիկյանի երբեմնի օգնական Հրայր Հովակիմյանն այսօր արդեն լուրջ պաշտոն ունի՝ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ:
Սա նույն ՀՀ պաշտպանության Սուրեն Պապիկյանն է, ով ԱԺ-ում խոստացել էր լյուստրացիա պաշտոնյաների՝ իրենց որդիներին, բարեկամներին բանակից ազատել-չազատելու հետ կապված:
«Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով, պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել: Պետք է մենք բարոյական հենքի վրա մեզ հետ առերեսվենք, և ինձ համար վատ տենդենցի դեմը վերջապես առնենք»,- ընդգծել էր Պապիկյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։