ՌԴ-ն կողմ է Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պուտինը նշել է պայմանը

Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ լուծման օգտին, բայց դրա սկզնապատճառների վերացման պայմանով։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ հանդիպման ժամանակ։
«Հասկանալի է, որ հակամարտությունը, որի մասին ես խոսեցի.... այնուամենայնիվ, բարդ է և պահանջում է հանգամանալից քննարկում և մոտեցում։ Մենք կողմ ենք այն բանին, որ այս բոլոր հարցերը լուծվեն խաղաղ միջոցներով, բայց սկզբնապատճառների վերացման պայմանով, որոնք հանգեցրել են այսօրվա իրավիճակին», - ասել է Պուտինը:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ռուսական կողմը հակամարտության լուծման խաղաղ տարբերակներ է առաջարկել դեռ 2022 թվականին։
«Երբ 2022 թվականին զինված հակամարտությունը հասավ նման թեժ փուլի, մենք, միևնույն է, առաջարկում էինք բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով», - ասել է Պուտինը։
Նա նաև հիշեցրել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը նույնիսկ համաձայնությունների է հասել Ուկրաինայի հետ։
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, բայց դա չպետք է տեղի ունենա Մոսկվայի հաշվին։
«Ընդհանրապես մենք ողջունում ենք ցանկացած հակամարտության, այդ թվում նաև այս հակամարտության լուծումը խաղաղ միջոցներով։ Միայն ոչ մեր հաշվին», - նշել է ՌԴ նախագահը: