Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳՆ-ների միջև

Մարտի 27-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, չեռնոգորական կողմից՝ Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, բարձրաստիճան շփումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները բացահայտելու գործում։
Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը նաև խորհրդարանական դիվանագիտության, կրթության, զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների, ապակենտրոնացված համագործակցության և այլ ոլորտներում։ Ընդգծվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ծավալման կարևորությունը ևս: Քննարկվել է նաև եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Չեռնոգորիայի ԱԳ նախարարության կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման ողջունումը: Վահան Կոստանյանը հավելել է, որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը չեռնոգորական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: