68 միլիոն եվրո՝ Սիրիայի վերականգնման համար

Իտալիան մտադիր է մոտ 68 միլիոն եվրո հատկացրել Սիրիայում մարդասիրական ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին Իտալիայի խորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ ընդգծելով, որ այս քայլն էական աջակցություն է երկրի անցումային գործընթացում։
Syria TV-ի փոխանցմամբ՝ Տայանին պարզաբանել է, որ օգնությունը ներառում է աջակցություն առողջապահության և հիվանդանոցային ոլորտներին, ինչպես նաև ենթակառուցվածքային և սննդի մատակարարման ամրապնդման նախագծերին:
Նա նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն համագործակցության նոր նախագծեր՝ ընդգծելով Իտալիայի կառավարության մտադրությունը՝ կազմակերպելու բիզնես ֆորում, որի նպատակն է նպաստել Սիրիայի վերակառուցման ջանքերին։
Իտալիայի արտգործնախարարը բարձր է գնահատել սիրիական վարչակազմի կողմից հրապարակված սահմանադրական հռչակագիրը՝ այն որակելով որպես «դրական քայլ»։ Նա կոչ է արել շարունակել և աստիճանաբար թուլացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ հաստատություններին աջակցելու և տնտեսական վերականգնումը խթանելու նպատակով:
Ավելի վաղ Եվրամիության գլխավորած համաժողովի ժամանակ դոնոր երկրները խոստացել են Սիրիային 5,8 միլիարդ եվրո տրամադրել՝ օժանդակելով երկրի նոր իշխանություններին անցումային շրջանի մարտահրավերներում: