ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Էմմա Գրիգորյանի հետ առանձնազրույցի համար

Մարտի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:
ՄԻՊ-ից հայտնում են, որ նա հավելել է, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:
Պաշտպանի հանձնարարությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին: