ՔՊ-ն առայժմ չունի որոշում. Կոնջորյանը՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Խորհրդարանում շարունակվում է պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ չի տրվի գայթակղությանը և չի խոսի գործի բուն դրվագների մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՊ-ն առայժմ չունի որոշում:
«Որոշումը կկայացվի, և դրա մասին բոլորդ կիմանաք»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ կուզենար խոսել քաղաքական բովանդակության մասին, որը երեկվանից հնչում է ԱԺ նիստերի դահլիճում:
«Ընդդիմությունը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը: Դաշնակցության և պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են լատինամերիկյան սերիալները:
Պարոն Աղազարյան, ասում եք՝ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, որ ճնշումներ են գործադրում, ասում եք, որ Հայաստանում, ըստ էության, ավտորիտարիզմ է ձևավորվում, և այլն: Եկեք նայենք փաստերին: Դուք հրաժարվել եք կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել Ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի Ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցություն, կուսակցության համագումար եք արել և հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ մասնակցելու եք քաղաքական գործընթացների ու թույլ չեք տալու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի:
Սա ավտորիտարի՞զմ է: Սա դասական ժողովրդավարություն է: Բռնապետության մեջ այդպե՞ս է լինում»,- ասաց Կոնջորյանը:
Նա Աղազարյանին խորհուրդ տվեց պատկերացնել, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ի՞նչ տեղի կունենար իր հետ, եթե նա, օրինակ՝ հանկարծ համարձակվեր չկատարել իշխանության հորդորը ու վայր չդներ մանդատը:
«Սա դասական ժողովրդավարություն է, պարո՛ն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ, և այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին Դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում էիք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին»,- հավելեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Աղազարյանն այսօր ունի պաշտպանվելու բոլոր իրավունքները:
Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ Կոնջորյանը հարց ուղղեց՝ ինչ կլիներ որևէ պատգամավորի հետ, եթե հանկարծ 2003 թվականին այդ մարդուն ասեին մանդատից հրաժարվիր, և նա չհրաժարվեր:
«Մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում որքան ժամանակ հետո և հատկապես ինչ տեղի կունենար այդ պաշտոնյայի հետ, պարո՛ն Ռուստամյան: Դա՛ էր ավտորիտարիզմը: Դուք ձեր խմբակցության պատգամավորին (պատգամավոր Գեղամ Նազարյան - խմբ.), որը վատ բան չէր արել, ընդամենը ԱԺ նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր, այդ մարդուն այնքան հետապնդեցիք, հիմա նա ձեր խմբակցության անդամ չէ այն բանի համար, որ ընդամենը իր աշխատանքն էր կատարել: Որպեսզի ձեր շեֆի որդին դառնա պատգամավոր, միանգամից 3 մարդ պատգամավորական ցուցակում հրաժարվեց իր մանդատից: 3 հոգի իր մանդատից հրաժարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա պատգամավոր:
Ինչի՞. որովհետև Լևոն Քոչարյանը շատ օրենսդրական ջիղ ուներ, որովհետև Լևոն Քոչարյանը շատ լավ է տիրապետում նորմատիվ-իրավական ակտերի դիսպոզիցիաներին և իրավական կոլիզիաների ողջ ներկապնակին, և հիմա այստեղ օրենսդրական ակտիվ գործունեություն է ծավալում:
Ասվել է՝ արվել է: Ընդդիմադիր ավտորիտարիզմի փառահեղ դրսևորում եք դուք, կենդանի հուշարձանն եք դուք: Դուք ավտորիտարիզմի գրիմ արված դեմքն եք»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
Ռուստամյանը տեղից պատասխանեց Կոնջորյանի խոսքերին, ինչից հետո դահլիճից հնչեցին պատասխան արձագանքներ, և իրավիճակը դահլիճում թեժացավ:
«Պարոն Մինասյան (Արծվիկ Մինասյան - խմբ.), ասում եք՝ դասական բռնապետություն: Մի հատ նայեք «Մարտի 1»-ը, ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը: Պարո՛ն Մանուկյան, սրբազանի հետ հարցազրույցն ո՞ւր է: Ընկել եք սրբազանների հետևից: Պարոն Դանիելյան, ինչ կա-չկա, Ոսկեպարի եկեղեցին ուր է, երբ գալիս, ստում էիք մարդկանց, թե այն մնում է Ադրբեջանում»,- հայտարարեց Կոնջորյանը՝ ընդդիմությանը մեղադրելով մարդկանց մոլորեցնելու, նրանց հույզերի հետ խաղալու համար, որպեսզի ՀՀ-ն չունենա սահմանազատված սահման: