2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրերի ծառայությունը մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար

Ըստ կանխատեսման՝ 2026 թվականի 2-րդ կիսամյակին կկարողանանք այս ծառայությունը մատուցել քաղաքացիներին: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը:
Ըստ նախարարի՝ մրցույթն արդեն կայացել է, երեք որակավորված հայտատուներից երկուսը՝ ֆրասիական և գերմանական միջազգային ընկերություններն արդեն մասնակցել են բուն մրցույթին և առաջարկներ ներկայացրել: Իսկ հարցուպատասխանից ժամեր առաջ երկրորդ փուլն է կայացել՝ ֆինանսական բաղադրիչի բացումը:
«Ֆինանսական բացադրիչի բացումից հետո ընդհանուր բանաձևի մեջ կգնահատենք նաև ֆինանսական առաջարկը, և մարտի 31-ին կունենանք հաղթող ընկերության մասին հայտարարություն: Ըստ այդմ՝ կսկսենք պայմանագրի բանակցման և կնքման փուլը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրանից հետո 1 տարի ժամանակ է տրամադրվելու ընկերությանը, որպեսզի այն ապահովի համապատասխան ենթակառուցվածքը և տա բոլոր լուծումները՝ բարձր կարգի կենսաչափական անձնագիր ստանալու համար:
Ըստ նախարարի՝ դա մի կողմից քաղաքացիներին հնարավորություն կտա՝ շատ ավելի արդյունավետ եղանակով հանրային տարբեր ծառայություններից օգտվելու, մյուս կողմից՝ արժանապատիվ ճանապարհորդելու: