Արդեն մի քանի օր է՝ կրակում են․ Արավուսի նախկին համայնքապետ

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։
«Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում, բայց կրակում են ու արդեն մի քանի օր է»,- «Փաստինֆո»-ին ասաց Արավուս համայնքի բնակիչ, վարչական նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ավելացնելով, որ անկանոն կրակոցներն սկսում են երեկոյան ժամը 22։00, 22։30-ի մոտակայքում, որոնք տեւում են մինչեւ առավոտյան 6։30։
«Կես ժամը մեկ, ժամը մեկ կրակում են»,- փաստեց Ա. Հովսեփյանը՝ մտահոգ արձանագրելով, որ ժողովուրդն արդեն, կարծես թե, սովորել է, օրվա հոգսով ապրում են։
Նա նշեց, որ ինքն էլ է լսել Խոզնավարի բնակչի դեպքի մասին, ըստ որի փորձել է գյուղատնտեսական աշխատանք անել ու սեփական արտում իրեն թիրախավորել են, կրակել ու ստիպված ու դադարեցրել է աշխատանքը, բայց նշեց, որ ինքն անձամբ գարնանացան կարողացել է անել։
«Մերն ամենամոտն է իրենց դիրքերին, Արավուսն է, բայց ցերեկը չեն կրակում, գարնանացանն արել ենք ու հիմա էլ շարունակում եմ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Մեզ մոտ սովորաբար հաճար են ցանում, ցորեն , գարի», - ասաց Հովսեփյանը։