ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25 հազար մարդ աշխատում է. Նարեկ Մկրտչյան

Ակտիվ աշխատում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ՝ ուղղորդելու դեպի աշխատանք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող դրամական աջակցությունը՝ 50 հազար դրամը նվազեցնելու որոշմանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարծում է՝ սա կարող է բարդություններ առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների տան վարձավճարը տալու հարցում:
«Շուրջ 25 հազար մարդ արդեն զբաղված է, աշխատում է, [զբաղվում է] նաև ձեռնարկատիրությամբ: Սա նշանակում է, որ մեր ծրագրերն ավելի թիրախային պետք է լինեն սրանից հետո: Մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակել, իրականացնել և ասել, որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50 հազար դրամը, և այդ 50 հազար դրամն ուղղեք ձեր վարձավճարին: Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր՝ 3 մլն, 4 մլն և 5 մլն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնելու տրամաբանությամբ»,- ասաց նախարարը: