Հայաստանի իշխանությունը կիրառում է և կշարունակի կիրառել բոլոր գործիքակազմերը՝ հայ գերիների վերադարձի ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանի իշխանությունը կիրառում է և կշարունակի կիրառել բոլոր գործիքակազմերը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել, ապագայում էլ պետք է կիրառենք: Դա շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար հարց, որպես քաղաքական հարց, որպես կարևոր թեմա՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար»,–ասաց Փաշինյանը:
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց մի մասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում կեղծ քրեական գործեր են հարուցվել և անցկացվում են շինծու դատավարություններ։