ՊԵԿ նախագահը մասնակցել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է եղել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են թվային նույնականացման համակարգերի տեխնոլոգիական, քաղաքական, իրավական և կառավարման մոդելները, քննարկվել են փոխգործելիության ու տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները՝ անդրադառնալով Էստոնիայի թվայնացման պատմությանը:
Միաժամանակ քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերը և ամպային տեխնոլոգիաներն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով վերջիններիս ազդեցությունը թվային կառավարման գործընթացում։ Անդրադարձ է եղել նաև թվային կառավարման բաղադրիչներին, մասնավորապես դրանց համադրմանը, թվայնացման բոլոր շահառուների պարտականություններին՝ շեշտադրելով քաղաքացիակենտրոն ծառայությունների ստեղծումն ու մատուցումը։
ՊԵԿ նախագահը կարևորել է թվային փոխակերպումները հարկային և մաքսային ոլորտներում՝ ընդգծելով, որ ՊԵԿ համակարգերի թվայնացումը Կոմիտեի առաջնահերթություններից է։
Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձվել թվային վերափոխմամբ պայմանավորված աշխատանքային մշակույթի փոփոխություններին, թվային ծառայությունների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև կարևորվել է տվյալների պաշտպանության կիբեռանվտանգությունը՝ որպես յուրաքանչյուր կառույցի կարևորագույն բաղադրիչ։