Քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց Դուք քաղաքական պատվեր եք անում. Խամոյանը՝ դատախազին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ արձանագրեց, որ դահլիճում գտնվող ցանկացած մարդ հասկանում է, թե ինչ է կատարվում ԱԺ դահլիճում:
«Ընդդիմությունը դրա մասին բարձրաձայնում է, իշխանական պատգամավորները, բնականաբար, լռում են: Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»՝ մանդատը վայր դնելու մասով, և դուք եկել եք նրա հետևից»,-ասաց նա:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու, օրինակ, իրենց համար վարույթ հարուցելու հիմնք չի հանդիսացել այն, որ պատգամավորի անձնական հեռախոսային խոսակցությունները դարձել են մի ամբողջ թիմի քննարկման առարկա:
«Ես քաղաքական հայտարարություններ չեմ անում: Կրկնում եմ՝ ես ներկայացրել եմ միջնորդագիր: Միջնորդագրին չվերաբերող որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»,-պատասխանեց Գլխավոր դատախազաը:
Խամոյանն էլ արձագանքեց՝ «Դուք քաղաքական հայտարարություն չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում»: