Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ տուն է այրվում

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան բնակավարում տուն է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արարատի, Վեդու և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները Աբովյան փողոցի թիվ 67 տնից դուրս են բերել 2 հաշմանդամ քաղաքացիների՝ հենց կրակների միջից:
Գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պատուհանից մտնել ներս և անօգնական 2 քաղաքացուն դուրս բերել, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:
Ժամանած հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Դեպքի վայր են ժամանել Վեդիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել այդ 2 քաղաքացուն:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է տանիքից մոտ 80 քմ հատված և դրսում եղած ամբողջ գույքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ 2 քաղաքացիներն էլ ունեն հաշմանդամության կարգ, մեկի 2 ոտքերը անդամահատված են, և ուզում ենք հավատալ, որ մարզպետարանը և Վեդի խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին: