Վիզաների ազատականացման երկխոսությունը որևէ կապ չունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի. Եղոյանը կոչ արեց չմոլորեցնել ժողովրդին

Խնդրում եմ՝ հարցերը մի՛ մանիպուլացրեք, պետք չէ ժողովրդին մոլորեցնել: Այս մասին խորհրդարանում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ պարզաբանեց՝ վիզաների ազատականացման երկխոսությունը որևէ կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի, Ասոցացման համաձայնագրի հետ:
«Վիզաների ազատականացման երկխոսությունը առանձին պրոցես է, որը ԵՄ-ն սկսում կամ չի սկսում որևէ երրորդ երկրի հետ: Ունեն Իսրայելի, ԱՄԷ-ի, հարավամերիկյան որոշ երկրների հետ: Դա առանձին գործընթաց է: Այդ երկրները ԵՄ անդամ չեն էլ լինելու, որովհետև ըստ հիմնադիր փաստաթղթերի, միայն եվրոպական երկիրը կարող է լինել ԵՄ անդամ: Սա իր հերթին:
Վիզաների ազատականացման երկխոսության ամենակարևոր փուլը, այն է՝ մեկնարկը, արդեն իսկ եղել է: Իրենց մոտ կա դիսկուրս ներքին միգրացիայի հետ կապված, որը հիմա ամենասուր փուլում է գտնվում: Միգրացիայի դիսկուրսի ամենասուր փուլում՝ անցած տարվա հուլիսին, նման երկխոսության մեկնարկին հավանություն տալը դա բարձրագույն քաղաքական մակարդակում կայացված որոշում էր ԵՄ-ի խոշոր երկրներում:
Սա ո՞նց կարելի է չգնահատել: Պարզ է, չէ՞, որ սա տեղի է ունեցել բարձրագույն քաղաքական մակարդակում տեղի ունեցած քաղաքական երկխոսության արդյունքում: Մնացածը տեխնիկական դաշտում է: Մի որոշում էլ վերջում է պետք լինելու, բայց ամենակարևոր որոշումը մեկնարկը տալն էր, որովհետև դրանից հետո վաղ թե ուշ այդ երկխոսությունը հասնելու է տրամաբանական ավարտին, և վիզաների ազատականացումը տեղի է ունենալու»,- հայտարարեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքի նախագծում. նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …» նախադասությունը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց՝ Կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի:
Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»: