Պրահան հուսով է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Չեխիան գնահատում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի կառավարությունը հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Պրահան հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, ինչը կնպաստի նաև Հայաստանի ծաղկմանն ու բարգավաճմանը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Վերջինս նաև խոսել է քաղաքական, տնտեսական, պաշտպանության և այլ ոլորտներում Հայաստանի և Չեխիայի երկխոսության մասին, անդրադարձել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարներին։
Դեսպան Պիրունչիկն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն ու այդ ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին, ընդգծել է, որ Պրահան ուշադիր հետևում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և այն հետաքրքիր առաջարկ է համարում։ Դեսպանի դիտարկմամբ՝ այդ նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության հաստատմանը։
Հարցազրույցն անցկացվել է 2025 թվականի մարտի 13-ին։
Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և այս առումով ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք:
- Չեխիայի և Հայաստանի հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել՝ պայմանավորված ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերով։ Չեխիայի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտոնական ներգրավվածությունները, տնտեսական և առևտրային հարաբերությունները, նախարարությունների և գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ գործընկերությունը, ուսանողների, արվեստագետների և մշակութային այլ գործիչների մասնակցությամբ մարդկանց միջև շփումները: Մենք նաև ակտիվացրել ենք Չեխիան Հայաստանում ճանաչելի դարձնելու ջանքերը՝ ցուցադրելով չեխական բիզնեսը, մշակույթը և սպորտը: Հարկ է նաև նշել, որ մենք տալիս ենք ռեկորդային թվով շենգենյան վիզաներ՝ ավելի հեշտացնելով ճանապարհորդությունները և փոխանակումները մեր ազգերի միջև։
2024 թվականի հոկտեմբերի 15-18-ը Չեխիայի պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, մասնակցել է Պրահայում կայացած «Ապագա ուժերի ֆորում 2024» միջազգային ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Բացի այդ, Հայաստանի և Չեխիայի միջև կա ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ ստորագրված 2019 թվականի ապրիլին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։
- Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը կարևոր հանգրվան էր Հայաստան-Չեխիա պաշտպանական հարաբերություններում։ Այդ ժամանակից ի վեր՝ այս ոլորտում երկկողմ ներգրավվածությունն ակտիվացել է։ Վերջին մեկ տարվա ընթացքում եղել են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների փոխայցելություններ․ Չեխիայի պաշտպանության փոխնախարարը՝ պաշտպանական արդյունաբերության ընկերությունների պատվիրակության ուղեկցությամբ եկավ Հայաստան, Հայաստանի պաշտպանության փոխնախարարն այցելեց Չեխիա։ Ինչպես նշեցիք, հայկական պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության սպառազինության ամենամեծ տոնավաճառին: Թեև ես չեմ կարող հստակ մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ հաստատել, որ երկու կողմերն էլ ակտիվորեն ուսումնասիրում են համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հնարավորությունները:
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և սպառազինություն է ձեռք բերում բացառապես երկրի սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Այսպիսով, Բաքուն սրանում մեղադրում է Երևանին՝ միաժամանակ ձեռք բերելով Հայաստանից մի քանի անգամ ավելի մեծ քանակությամբ զենք և կրկնապատկելով իր ռազմական բյուջեն։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը կարող է միլիոնավոր դոլարներ ծախսել զենք գնելու համար, իսկ Հայաստանը չի կարող զենք գնել սեփական երկիրը պաշտպանելու համար։
- Մենք ուշադիր հետևել ենք սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հրապարակային հռետորաբանությանը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Մենք ուսումնասիրել ենք ռազմական ծախսերն ու ներդրումներն արձանագրող թվերն ու համեմատել դրանք։ Ակնհայտ է, որ երկու երկրներն էլ ավելացրել են ներդրումներն իրենց ռազմական և պաշտպանության ոլորտում։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, և, բնականաբար, երկու երկրներն էլ ունեն իրենց ինքնիշխան իրավունքը՝ ներդրումներ կատարելու իրենց պաշտպանական կարողություններում։ Միևնույն ժամանակ, մենք ուշադիր հետևում ենք, թե ուր են գնում ներդրումները։ Ես չեմ կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի խոսքերը։ Մենք, իհարկե, վերլուծում և հասկանում ենք նման հռետորաբանության ենթատեքստը և այն համարում ենք մեծամասամբ Ադրբեջանի ներքաղաքական բանավեճի մի մասը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: