Այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ. Վահե Դավթյան

Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա՝ ստորագրելով համաձայնագիր BP-ի և NewMed-ի հետ Իսրայելի ջրային տարածքներում գազի հետախուզում իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
«Սա SOCAR-ի առաջին միջազգային հորատման նախագիծն է, որի իրականացումը նախկինում հետաձգվում էր «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության պատճառով։
Այս ֆոնին Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթի տարանցումը դեպի Իսրայել՝ չնայած Էրդողանի խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը։ Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։
Որպես լրացուցիչ գործոն կարելի է դիտարկել Իսրայելի ծրագրերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի արտահանմանը:
Ակներև է իսրայելական գործոնի ակտիվացումը Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ: Այդ թվում՝ Իրանի համար:
Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ։ Սակայն այդ տարբերությունն ամենևին խորքային չէ: Անկարան շարունակում է կոշտ հակաիսրայելական հայտարարություններ անել, մինչդեռ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը պահպանում է բարձր արդյունավետության մակարդակում։ Ադրբեջանը, իր հերթին, փորձում է քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ցուցադրել՝ առանց ավելորդ հռետորաբանության։ Իրականում, «գետնի վրա» կողմերի մոտեցումները առնվազն չեն հակասում միմյանց»,–գրել է նա։