«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնից հափշտակել են ոսկյա զարդեր

Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր:
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։