Այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց դա ֆուտբոլ է, և ֆուտբոլում նման դեպքեր լինում են. Կախա Կալաձե

Երեկ Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղից հետո երկրպագուների պահվածքին է անդրադարձել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց դա ֆուտբոլ է, և ֆուտբոլում նման դեպքեր լինում են՝ երկրպագուները դիմակայում են միմյանց։ Սակայն դա չի նշանակում, որ մենք ինչ-որ լարված հարաբերություն ունենք մեր հայ ընկերների հետ։ Դա վատ միջադեպ էր, բայց, իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր ընկերների, քույրերի ու եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա:
Ի դեպ, սա վրացի երկրպագուների նման պահվածքի առաջին դեպքը չէ: Անցյալ տարի Ալբանիայի հետ խաղից հետո նման գործողությունների համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել էր տասնյակ հազարավոր եվրոյով, ինչպես նաև մասամբ սահմանափակվել էր երկրպագուների մուտքը հաջորդ տնային խաղին: