«Ափսոսում եմ, որ Սարիկ Մինասյանը ՔՊ-ի ցուցակով է առաջադրվել». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
«Ափսոսում եմ, որ Սարիկ Մինասյանը ՔՊ–ի ցուցակով է առաջադրվել։ Շատերին եմ ափսոսում, շատերը կան այդ ցուցակում կամ նրանց համակիրների մեջ, որոնց համար իրոք ափսոսում եմ և ցավում եմ»։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ իմ հայրական հոգածության ներքո են եղել, իմ ղավակներն են եղել, և այսօր գերադասել են դառնալ ՔՊ–ական, քան թե մնալ իրենց հոգևոր առաջնորդի հոգևոր խնամքի ներքո»,–հավելեց նա։
Հարցին՝ ինչ հարաբերություններ ունի Սարիկ Մինասյանի հետ, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց.
«Հիմա եթե ասեմ, որ շփում ունենք, կարող է վնասեմ նրան, որովհետև կարող է նա հանդիմանության արժանանալ վերևից։ Իրեն հարցրեք՝ ունի ինձ հետ հարաբերություններ, թե ոչ։ Նա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, և իհարկե, մենք գործնական հարաբերություններ պետք է ունենանք։ Մարզպետի հետ կարող եմ չունենալ, մարզպետն ավելի անկարևոր կատեգերիա է, քան տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց հետ շփվելու անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան մարզպետների»։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ գյումրեցիների շրջանում մտահգություններ կան, որ ընտրությունները թեժ են անցնելու և գուցե անգամ կրակոցներ հնչեն, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց.
«Ընդդիմադիր թեկնածուների կողմից նման մտահգություններ չունեմ, նրանք մաքսիմալ զգույշ են, բայց իշխանությունը կարող է սադրել, որովհետև այս իշխանություններն ընդունակ են ամեն տեսակ ստորության։ Կանեն, որպեսզի այդ մարդկանց մեկուսացնեն կեղծ պատճառներով, կալանքի տակ պահեն։ Դարձյալ իրենց հին երգը միացնեն՝ հների ու նորերի, թալանի մասին»։