Կարեն Սարուխանյանը՝ Սարիկ Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների և Գյումրու ընտրություններում ՔՊ-ի վարկանիշի մասին

«Նախընտրական քարոզարշավի գետ մեկ օր չի եղել, որ ես մասնակցություն չունենամ, բոլոր հանդիպումներին եղել եմ, բացի պարոն Մինասյանի հետ ընդհանուր հանդիպումից նաև մեր կուսակցականների հետ այլ տնայցեր եմ արել։ Բացարձակ որևէ խնդիր չունենք, Սարիկ Մինասյանը ՔՊ–ի անդամ է, մեր թիմակիցն է, և գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը»։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին այն մասին, որ իր և Սարիկ Մինասյանի միջև տարաձայնություններ կան այն աստիճանի, որ նա չի ցանկանում մասնակցել քարոզարշավին։
«Քարոզարշավի 10 օրերի ընթացքում մենք եղել ենք Գյումրու տարբեր թաղամասերում, այս ընթացքում նկատած կլինեք, որ մեր թեկնածուին և մեր քաղաքական թիմին գյումրեցիները շատ լավ են ընդունում, մեր բոլոր քարոզարշավներն անցնում են բազմամարդ։ Միանշանական մենք գիտենք, վստահ ենք, որ գնում ենք և գյումրեցիները մեզ տալիս են այնքան քվե, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լինելու է իշխանություն և Սարիկ Մինասյանը լինելու է Գյումրու քաղաքապետ»,–ասաց նա։
Հարցին, վստա՞հ է, որ աջակցող ուժերի կարիք չի ունենալու ՔՊ–ն, Կարեն Սարուխանյանը պատասխանեց.
«Միանշանակ մենք գնում ենք 50 և ավել տոկոս քվեի հետևից։ Այդ մասին են խոսում մեր ներակայցրած նախընտրական կենսունակ ծրագիրը, հանդիպումները, որոնք անցկացնում ենք գյումրեցիների հետ։ Մենք տեսնում ենք նրանց վերաբերմունքը մեր թիմի հանդեպ»։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն 7 տարի իշխանությանը է և այդ ծրագրի զգալի հատվածն արդեն պետք է իրականացված լիներ, Կարեն Սարուխանյանը պատասխանեց.
«Քաղաքացիական պայմանագիրը 7 տարի Գյումրիում իշխանության չի եղել, ՔՊ–ն 2.5 տարի կիսել է իշխանությունը «Բալասանյան» դաշինքի հետ, այսինքն շատ ծրագրեր, որոնք ՔՊ–ն ունեցել է, ի կատար ածել չի կարողաել։ Մեր նախընտրական ծրագիրն իր մեջ ներառում է նաև 2021 թվականի մեր խոստումների այն մասը, որը մենք ի կատար ածել չենք կարողացել, դրանց ավելացել են նաև այս տարիների ընթացքում ավելացած խնդիրները»։
Նա նշեց, որ կառավարությունը 7 տարվա ընթացքում հսկայական աշխատան է կատարել Գյումրիում, քաղաքի ասֆալտապատված 185 փողոցներից 140–ն ասֆալտապատվել է 2018 թվականից հետո։
«Գյումրեցին իր գնահատականը տվել է 2021 թվականին, երբ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 61 տոկոս քվե, դա Գյումրու պատմության մեջ աննախադեպ է,–հավելեց նա։