«Ուր է, թե ես այդպիսի հարստություն ունենայի». Նազելի Բաղդասարյանի արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարություններին

«Ես վստահ եմ, որ գյումրեցին ունի շատ լավ հիշողություն և թույլ չի տա, որ այդ կրիմինալն ու թալանը վերադառնա։ Ինչպես կորոշի ժողովուրդը, այդպես էլ կիրականանա։ Ժողովրդի քվեն որոշիչ է»։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի մասին։
«Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, նա ինձ վերագրում է ինչ–որ Հյուսիսային պողոտայում բնակարանի առկայություն, ուր է, թե լիներ։ Գյումրու կենտրոնում շենքեր է վերագրում, ասում է այնպիսի հարստություն ունեմ։ Հարցում արե՛ք, հայտարարագիրս հրապարակված է, կարող են ուսումնասիրել։ Ուր է, թե ես այդպիսի հարստություն ունենայի, պատկերացնու՞մ եք ինչքան կթմբկահարվեր լրատվամիջոցներով»,–ասաց Նազելի Բաղասարյանը՝ նշելով, որ Վարդան Ղուկասյանը քարոզարշավի շրջանակում նաև իշխանափոխության կոչեր է անում, ինչն իր կարծիքով անընդունելի է։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ ըննդիմադիրները հակադարձում են՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մշտապես թալանի վերադարձի մասին է խոսում, սակայն հարուցված քրեական գործեր չեն տեսնում, Բաղդասարյանը պատասխանեց.
«Տարբեր քրեկան գործեր կան պաշտոնական լիազորությունների վերազանցման, ապօրինի գույքի գործերով, այդ ամենը հրապարակային է, վճիռներ կլինեն, ժողովուրդը կտեսնի»։
Հարցին, թե ինչպիսին է այս պահին նախընտրական շրջանի պատկերը, և ընդդիմադիր որ թեկնածուին է ՔՊ–ն իրեն մրցակից համարում, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ ընդդիմադիր յուրաքանչյուր անձն էլ ունի իր ընտրազանգվածը, և անձամբ բոլորին էլ մրցակից համարում եմ»։
Լրագրողի հարցին՝ ՔՊ–ի թեկնածուն ունի՞ գյումրեցիների վստահությունը, նա պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ դրա վառ ապացույցը բազմամարդ հանդիպումներն ու ջերմ գրկախառնություններն են, որոնց ականատեսը լինելու ենք։ Բայց ընտրությունները ենթադրություններ կամ գուշակություններ չեն սիորւմ, վստահ եմ, որ մարտի 30-ին ականատես կլինենք այն վերաբերմունքին, որը մեզ մոտ արմատացած է, և այդ ամենը կվերահաստատվի արդեն ընտրությունների միջոցով»։