Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ. Ալեքսանդր Վուլին

Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ և ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը, թեև դա դժվար է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը:
«Սերբիան խստորեն պահպանում է ռազմական չեզոքության քաղաքականությունը: Դա նշանակում է, որ մենք չենք ընդլայնելու մեր մասնակցությունը ռազմական որևէ դաշինքում: Եվ մենք կձգտենք լավագույն հարաբերություններ պահպանել բոլորի հետ, առաջին հերթին մեզ շրջապատող երկրների հետ: Այնպես որ, Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, չի լինի ՀԱՊԿ-ի անդամ», - հայտարարել է Վուլինը:
Նա ընդունել է, որ Սերբիայի չափ երկրի համար սա ամենադժվար ճանապարհն է։
«Մենք ինքներս պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը, ինչը հեշտ չէ: Բայց սա ամենաազնիվ ճանապարհն է. ինքներս որոշումներ ընդունենք մեր մասին», - ընդգծել է նա։
Ներկայում Սերբիայի Սկուպշչինան (խորհրդարանը) դիտորդ է ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում։