Երևան-Սևան ճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Զ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։