Արտակարգ դեպք՝ Երևանում. Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Ուրարտու» խանութի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Պ.-ն, և քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։