Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը. Փաշինյան

Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի, և պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մենք պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա:
Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են»,- ասել է վարչապետը։