Պատերազմի ընթացքում ուկրաինացի երեխաների կյանքի իրավունքները խախտվել են բոլոր ոլորտներում․ ՄԱԿ-ի զեկույց

Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները հանգեցրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և աներևակայելի տառապանքների՝ հատկապես երեխաների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։
«Միլիոնավոր երեխաներ ծանրագույն ազդեցություն են կրել։ Նրանց իրավունքները խախտվել են կյանքի բոլոր ոլորտներում՝ թողնելով խորքային՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական սպիներ»,-նշել է Թյուրքը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի նոր զեկույցում նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվա ընթացքում առնվազն 200 երեխա, այդ թվում՝ մանկատներում բնակվողներ, անօրինաբար տեղափոխվել են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կամ Ռուսաստան։ Այդ գործողությունները, ըստ զեկույցի, կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործություններ։
Միաժամանակ, ընդգծվում է, որ ՄԱԿ-ի կառույցները չունեն մուտք դեպի այդ տարածքներ և ՌԴ, ինչը սահմանափակում է այդ տեղաշարժերի իրական ծավալների ամբողջական գնահատումը։