Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա՝ Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ

Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար։
«Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար, չգիտեմ …
Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։
Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք։ Չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք։ Եվ հետևաբար, այդ հասկացությունները, հասկանու՞մ եք, փոխվում են, ժամանակը փոխում է: Մենք էլ ենք խաղաղության համաձայնագրի… իմիջիայլոց, հիշենք, որ անունը համաձայնագիր, արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են եղել:
Հիշենք փաստաթուղթը, որն արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին և սպասվում է ստորագրության, կոչվում է՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։
Մենք էլ էինք, այն ժամանակ այդպիսի հոդվածներ ունեինք, քննարկում, քննարկում, քննարկում էինք: Մենք քննարկում էինք, այնտեղ աշխարհում ինչ-որ բաներ էին տեղի ունենում։ Քննարկում էինք, մեկ էլ մի պահ ասացինք՝ մի րոպե, եկեք նայենք՝ արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետք է չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե:
Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն, և իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում»,- ասել է վարչապետը։