Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։
Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։
Կարևորվել է գյուղատնտեսական մթերքների անվտանգության ապահովման և Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշներին համապատասխանության ապահովումը, որում կարևոր դերակատարում ունեն համապատասխան վերահսկող մարմինները։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաև անասնաբուժական պատվաստանյութերի արտադրության և մատակարարման ուղղությամբ համագործակցությունը։
Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղությունների թվում մատնանշվել է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը։ Ներկայում երկու երկրների գիտական ինստիտուտները համատեղ քայլեր են ձեռնարկում կարտոֆիլի սելեկցիայի ոլորտում։ Բացի այդ, ակտիվացել է համագործակցությունը գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հետազոտությունների ոլորտում։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելացնել ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալները, ամրապնդել համագործակցությունը սելեկցիայի և գենետիկայի ոլորտներում, ինչպես նաև շարունակել զարգացնել փոխգործակցությունը վերահսկող մարմինների միջև: