Հույս ունենք` Ադրբեջանը կիսում է նոր դարաշրջան թևակոխելու մեր ցանկությունը. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում:
«Վեհաժողովի հարգելի՛ նախագահ,
Հարգելի՛ գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին:
Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր:
Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի:
Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է:
Ժողովրդավարությունը վտանգված է:
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական և անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը:
Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև մեր ազգային ինքնության և անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը:
2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների և կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց և հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր և ապահով կզգա:
Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարևոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ և համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում:
Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարևորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ:
Կցանկանայի նաև անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանը և Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Մենք ողջունում ենք այս առաջընթացը և հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը և տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու բարօրության լավագույն երաշխիքներն են: «Խաղաղության խաչմերուկ» մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները և խթանել տնտեսական զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա:
Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանում հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարդկային վերաբերմունքի և շինծու դատավարությունների:
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է:
Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը և սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով:
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան:
Հարգելի՛ գործընկերներ,
Մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը: Այս առթիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել: Մենք անշեղ ենք այս ճանապարհից:
Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը: