Մելանյա Թրամփին 28 միլիոն դոլար են վճարել նրա մասին ֆիլմի համար. Financial Times

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Amazon Prime Video տեսահարթակն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին շուրջ 28 միլիոն դոլար է վճարել նրա մասին վավերագրական ֆիլմ ցուցադրելու իրավունքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով հարցին իրազեկ մարդկանց։
«Հարթակը 40 միլիոն դոլար է վճարել Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմի համար…. այդ գումարից շուրջ 28 միլիոնը կուղղվի անմիջապես առաջին տիկնոջը», - գրում է հրատարակությունը։
Նշվում է, որ այս որոշումը Բեզոսի կողմից ընդունվել է Թրամփի նկատմամբ «ռազմավարությունը» փոխելու շրջանակներում։
Պարբերականը նաև մատնանշում է, որ վերջերս Amazon-ը իրավունք է ստացել ցուցադրել «Աշակերտը» շոուի հին դրվագները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Ըստ հրատարակության՝ սա Միացյալ Նահանգների նախագահին ֆինանսավորելու և նրան սիրաշահելու ևս մեկ միջոց է։