Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել. Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- ասաց Գրիգորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։
«Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- գրել էր վարչապետը։
Վարչապետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:
Արդեն հինգ օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում սահմանին կրակոցների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։