Թրամփը մտադիր է Հնդկաստանի նկատմամբ հայելային մաքսատուրքեր սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկա-հնդկական առևտրական հարաբերություններում խնդիրն ամերիկյան ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերն են Հնդկաստանում, և նա մտադիր է դրանք հավասարակշռել ամերիկյան մաքսատուրքերի հաշվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Breitbart News-ին տված հարցազրույցում։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրը, որի հետ մենք բախվում ենք, այն է, որ Հնդկաստանը ամենաբարձր մաքսատուրքեր ունեցող երկրներից մեկն է աշխարհում», - ասել է Թրամփը։
Նա հույս է հայտնել, որ հնդկական կողմը «հավանաբար, զգալիորեն կնվազեցնի այդ մաքսատուրքերը»։ Այդուհանդերձ, Թրամփի խոսքով, «ապրիլի 2-ից մենք նրանցից կգանձենք այն նույն մաքսատուրքերը, ինչ նրանք են գանձում մեզնից»։
Ի պատասխան այն հարցին, որը վերաբերում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի համաձայնագրին, Թրամփը հայտարարել է, որ դա «հիանալի երկրների խումբ է, որը դիմակայում է այլ երկրների, որոնք ձգտում են մեզ վնասել առևտրի մեջ»: