Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը և Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը բարձր է գնահատել թե՛ երևանյան գրասենյակի գործունեությունը մեր երկրում և թե՛ կառույցի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությունը:
Կողմերը կարևորել են կենսաբժշկության ոլորտում Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև գործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, ինչպես նաև կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: