Շատին գյուղով ընթանալիս «ԳԱԶել»-ի դուռը բացվել է, քաղաքացին ընկել է և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շատին գյուղի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ «Գազել» մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Ե․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ մարտի 14-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ա․-ն, վարելով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, Շատին բնակավայրի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ բացվել է ավտոմեքենայի դուռը և ուղևոր Արտակ Ե․-ն վայր է ընկել ավտոմեքենայից։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: