Ուկրաինայի ատոմակայաններն ԱՄՆ-ին փոխանցելու հարցն այժմ չի քննարկվում. ԱՄՆ էներգետիկայի նախարար

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ վերահսկողությանը փոխանցելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Դա այժմ չի քննարկվում: Միացյալ Նահանգների և այս նախագահի օրակարգում է ավելի շատ էներգիան։ Ավելի շատ էներգիա, որը գերազանց կլինի, եթե արտադրվի Միացյալ Նահանգներում, բայց ավելի շատ էներգիա՝ կյանքը բարելավելու և գները նվազեցնելու համար», - ասել է Ռայթը:
Իսկ Fox News-ին տված հարցազրույցում էներգետիկայի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ն ունակ է իր վերահսկողության տակ վերցնել ուկրաինական ատոմակայանները։
«Մենք կարող ենք դա անել։ Մենք ԱՄՆ-ում ունենք տեխնիկական մեծ փորձ այդ կայանները շահագործելու համար», - ասել է Ռայթը:
Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է «Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցը»։
«Նա (խմբ.՝ նախագահ Թրամփը) ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է շատ օգտակար լինել այդ կայանների կառավարման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձի շնորհիվ։ Այդ կայանների նկատմամբ ամերիկյան սեփականությունը կլինի լավագույն պաշտպանությունն այդ ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի համար», - ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Իր հերթին Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ էլեկտրակայանների հարցը բարձրացվել է, սակայն միայն Զապորոժիեի ատոմակայանի առնչությամբ, որն այժմ գտնվում է ռուսական վերահսկողության տակ։