ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից:
Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն: Ցուցահանդեսն ունի հազարավոր այցելուներ, ինչն հնարավորություն է ընձեռում հայկական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները, ձեռք բերել նոր համագործակցություններ և կապեր, դառնալ միջազգային շուկայի մասնակից և արևտրայնացնել իրենց տեխնոլոգիական նվաճումները:
Միջոցառումը ներառել է նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ:
Ցուցանահեսի շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ոլորտային առաջատար մի շարք կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ծանոթացել ընկերությունների կողմից նվաճված տեխնոլոգիական նորագույն լուծումներին ու ձեռքբերումներին, ներկայացրել Հայաստանի ոլորտի ներուժն ու նվաճումներն:
Նախարարի տեղակալը ոլորտի առաջադեմ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել համագործակցության շրջանակներն ընդլայնելու, նոր հնարավորություններ և ուղիներ ստեղծելու, Հայաստանում ներկայացուցչություններ հիմնելու և ոլորտի զարգացմանը նպաստող մի շարք այլ թեմաների շուրջ:
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հնարավությունների և հեռանկարների վերաբերյալ: