Խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար. Վելդկամպը՝ Բայրամովին

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին:
Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- X-ի իր էջում գրել է նա։
Մարտի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել էր նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
Օրեր առաջ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել էր Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ: