Արաբական երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Հորդանանը, Եգիպտոսը և Քուվեյթը դատապարտել են իսրայելական ուժերի հարձակումները սիրիական տարածքների ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք վտանգավոր էսկալացիա են և Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։
Արաբական երկրները կոչ են արել միջազգային դերակատարներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «դատապարտել իսրայելական այս կրկնվող խախտումները և վերջ դնել Իսրայելի անպատասխանատու քաղաքականությանը, պարտավորեցնել դադարեցնել սիրիական տարածքի օկուպացիան և պահպանել միջազգային իրավունք կանոնները»:
Նախորդ երկու օրերին իսրայելական բանակը ռմբակոծել է Հոմս քաղաքից հարավ գտնվող Շինշար և Շամսին գյուղերում գտնվող ռազմական դիրքերը, բացի այդ իսրայելական ուժերը մեծ շարասյունով առաջ են շարժվել դեպի Կունեյտրայի շրջանի ալ-Ադնանիյա գյուղ:
Մարտի 17-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ էին հասցրել սիրիական Դարաա նահանգին, ինչի հետևանքով զոհվել էր երեք և վիրավորվել 19 խաղաղ բնակիչ։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սիրիան ականատես է եղել իսրայելական էսկալացիայի, երբ իսրայելական օդային և ցամաքային ուժերը հարձակումներ են իրականացրել տարբեր շրջանների ուղղությամբ։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո իսրայելական ուժերը գրավել էին Կունեյտրայի բուֆերային գոտին և հսկողություն սահմանել Հերմոն լեռան վրա՝ ռմբակոծելով հարյուրավոր ռազմական օբյեկտներ՝ նպատակ ունենալով ոչնչացնել սիրիական բանակի ենթակառուցվածքները:
Զուգահեռաբար իսրայելական ուժերը Հերմոն լեռից մինչև Յարմուկի ավազան ընկած տարածքում նոր ռազմաբազաներ են կառուցում։