Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը

Դերասան, հաղորդավար, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 18:00-20:00-ը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին ժամը 11:00-13:00-ը՝ նույն վայրից:
Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Վաթսունամյա դերասանի մահվան լուրը միությունը տարածել է մարտի 18-ին։ Դեղտրիկյանը տևական ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ։
Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն. Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոնների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։
Թատրոնում խաղացել է «Բարի գալուստ», «Ատամնաբույժն արևելյան», «Ամուսնություն», «Չարենցի ուղղիչ տունը», «Մակբեթ», «Մեր տան տերերը», «Ընթրիք հիմարի հետ» և մի շարք այլ ներկայացումներում։
2000 թվականից նկարահանվել է հեռուստաթատրոնում` «Անթրապոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» և հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմերում։ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր։ Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր», «Նռան հատիկ»։ 2011-2012 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ռետրո 22:30» երաժշտական հաղորդումը։ Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք նախագծերում։