Վահագն Գևորգյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ․ ի՞նչ է հայտնի նրա առեղծվածային մեղադրանքից

Ջրային կոմիտեի նախկին նախագահ և Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Նրան անցած տարվա դեկտեմբերի 20-ին առանց որևէ բացատրության ազատեցին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, և դրանից մի քանի օր անց՝ դեկտեմբերի 26-ին, Գևորգյանը ձերբակալվեց, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։
Արդեն երեք ամիս է՝ Գևորգյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, մեկ անգամ արդեն երկարաձգվել է կալանքի ժամկետը։ Նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, բայց ոչ մի կերպ չեն բացահայտում, թե ինչ գործի մասին է խոսքը, ինչո՞ւ է մեղադրվում նախկին պաշտոնյան։
Արդեն երեք ամիս է՝ Գևորգյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, մեկ անգամ արդեն երկարաձգվել է կալանքի ժամկետը, և ոչ ոք ոչինչ չի խոսում այս մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub-ին ասացին՝ Գևորգյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը շարունակում է պահպանվել, նաև գրավ է կիրառվել։ Իսկ թե Ջրային կոմիտեի նախագահ եղած ժամանա՞կ է այդ ենթադրյալ կեղծիքը կատարել Վահագն Գևորգյանը, թե՞ Աբովյանի քաղաքապետ եղած ժամանակ, կոմիտեից չեն բացահայտում։
Առհասարակ, այս գործը մի տեսակ գաղտնիության շղարշով են պատել ու որևէ մանրամասն չեն հայտնում, ուզում են ամեն գնով թեման փակ պահել։ Մեզ, սակայն, հաջողվեց պարզել, որ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա՝ Աբովյանի քաղաքապետ եղած շրջանում կատարած ինչ-որ ենթադրյալ չարաշահումների հետ, որը կապ ունի Աբովյան քաղաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող բնակարանաշինության ու դրա շինթույլտվությունների հետ։ Այսինքն՝ Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահ եղած շրջանում որևէ չարաշահում, որևէ կեղծիք և ապօրինություն թույլ չի տվել, իսկ Աբովյանի քաղաքապետ եղած ժամանակվա գործն էլ ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ուներ և հարուցվել էր դեռ 2020 թվականի սկզբներին։
Վահագն Գևորգյանը դեռ հինգ տարի առաջ մեղադրվել էր Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածի հատկանիշներով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ, և հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրվել էր համապատասխան մեղադրանք։ Սա հենց Աբովյանում Ծառուկյանի կառուցած շենքերին առնչվող գործն է, որին ներգրավել էին նաև Վահագն Գևորգյանին։
Այն ժամանակ Վահագն Գևորգյանը ընդդիմադիր և ՔՊ-ին հաղթած քաղաքապետ էր, և իշխանությունները բացահայտ ընկել էին իրենց պարտության մատնած քաղաքապետի հետևից, և գործն ի սկզբանե որակվել էր որպես շինծու և քաղաքական։ Մեկ տարի անց՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, Գևորգյանը տեղափոխվեց արդեն պետական ապարատ և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահ։ Երեք տարի անտրտունջ աշխատելուց և որևէ բանում նրան չմեղադրելուց հետո Փաշինյանին ենթակա իրավապահները հանկարծ հիշեցին, որ Վահագն Գևորգյանը քաղաքապետ եղած ժամանակ ինչ-որ ենթադրյալ չարաշահումներ է թույլ տվել, ու նրան պետք է ոչ միայն ազատել զբաղեցրած պաշտոնից, այլև կալանավորել։
Ապրիլին դատարանը նորից կքննի այս առեղծվածային գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող Վահագն Գևորգյանի խափանման մրջոցի հարցը։