12 մլն կանխիկ դրամ, 2 բնակարան․ ի՞նչ ունեցվածք ունի Գյումրու համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու։ Քվեարկությանը մասնակցել է 1050 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 34 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը 11 է: Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար դարձավ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին ՔՊ կուսակցության անդամ Սարիկ Մինասյանը:
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու ժամանակ հունվարի 8-ին ինչ հայտարարագիր է ներկայացրել Սարիկ Մինասյանը։
Այսպիոսով, Ժ/Պ-ի պաշտոնը ստանձնելով 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, Մինասյանը հայտարարագրել է այդ պահի դրությամբ ունեցած Գյումրիի բազմաբնակարաններից մեկում գտնվող 2 բնակելի տները, որոնք ձեռք են բերվել 2004 և 2023 թվականին։
Նա հայտարարագրել է 2 տրանսպորտի միջոց Mercedes-Benz մակնիշի, որոնք ձեռք է բերել 2017 և 2019 թվականներին։
Սարիկ Մինասյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 հազար 500 եվրո, 6 հազար դոլար և 12 մլն դրամ։
Դեկտեմբերի 13-ից մինչև հայտարարագիրը լրացնելու ժամկետում Սարիկ Մինասյանը Գյումրու համայնքապետարանից ստացել է 431 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 17 մլն 333 հազար դրամ։ Այս բաժնից հասկանում ենք նաև, որ բնակարաններից մեկը հիփոթեքային վարկով է ձեռք բերված, որի մայր գումարի մնացորդը հայտարարագրի ներկայացման պահին կազմել է 10 մլն 843 հազար դրամ։