1 զոհ, 2 վիրավոր. Երևանում բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

Այսօր՝ մարտի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:20-ի սահմաններում Նալբանդյան 130 հասցեի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց, բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Օ.-ն և 22-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի բնակիչ 25-ամյա Պետրոս Դ.-ն տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում 2 քաղաքացի ասում էին, որ իրենք «Opel»-ի մեջ են եղել և նրանք ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ: