Տպավորություն էր՝ ազգային հավաքականի համար արած ամեն բան նետվել է աղբարկղը. Մբապեն՝ Գրիզմանի հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ատլետիկոյում» հանդես եկող իր հայրենակից Անտուան Գրիզմանի հետ հարաբերությունների մասին։
«Ես ու Անտուանը հաճախ ենք շփվում։ Ինձ դուր է գալիս նրա որդի Ամարոն, նա ֆուտբոլի մեծ երկրպագու է և ինձ մի փոքր հիշեցնում է իմ մանկության մասին:
Մյուս կողմից, ամեն ինչ իսկապես ավելի է դժվարացել, քանի որ մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ մեր թիմերը ոխերիմ մրցակիցներ են։ Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ես ու Անտուանը շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա ինձ արդեն մի քանի անգամ իր տուն է հրավիրել բարբեքյուի։ Դեռ չեմ գնացել, բայց հաստատ կգնամ։ Մենք ապրում ենք հարևանությամբ:
Ես գիտեի, որ նա պատրաստվում է հեռանալ ազգային թիմից, նա նաև բացատրել էր, թե ինչու: Բայց միևնույնն է՝ դա իր որոշումն է, և միայն նա կարող է բացատրել, թե ինչու է կատարել այդ ընտրությունը։ Մեզ երբեմն մեղադրում էին այնպիսի բաների համար, որոնց համար պատասխանատու չէինք։ Այն ժամանակ մենք զգում էինք, որ մեր ներդրումը թիմում բավականաչափ չի գնահատվում: Անտուանի պարագայում այնպիսի տպավորություն էր, որ այն ամենը, ինչ արել ենք ազգային հավաքականի համար, նետվել է աղբարկղը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։