«Չայնիի» ոլորաններում մեքենան բախվել է քարերին ու հայտնվել ձորում. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի մարմինը պարեկները հայտնբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ եթե վարորդը ամրակապված լիներ, հնարավոր է՝ վթարը ողբերգական ավարտ չունենար, քանի որ, ըստ մասնագետի, ավտոմեքենայի վարորդի նստատեղի հատվածն այդքան էլ վնասված չէ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: