Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական փամփուշտներ

Մոզամբիկի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է մարտական զինամթերք և արցունքաբեր գազ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առավոտից լարված մթնոլորտ է տիրում Մեծ Մապուտոյի մետրոպոլիայի տարածքում։ Մասնավորապես անկարգություններ են գրանցվել Մատոլայի քաղաքապետարանի մի քանի թաղամասերում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահի նախկին անկախ թեկնածու Վենանսիո Մոնդլեյնը մարդկանց կոչ է արել ցույցեր կազմակերպել՝ հարգելու իշխանությունների կողմից չճանաչված ժողովրդական հերոսների հիշատակը։ Նշվում է, որ ցույցերի ընթացքում երկու մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել է։
Համապետական ընտրությունները Մոզամբիկում տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մոնդլեյնը, ով անհամաձայնություն է հայտնել դրանց արդյունքների առթիվ, կոչ է արել քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ իրականացնել։