Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կմեծանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։