Կկարգավորվեն և կսահմանվեն արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը

Կկարգավորվեն և կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը:
Նախագծի նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, ինչպես նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը: Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մարտի 18-ին գումարված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Փոխնախարարը, անդրադառնալով օրինագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, նշել է, որ երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը: Նրա խոսքով արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին, սակայն առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, իսկ մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը: Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը:
Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում, նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ֆինանսական միասնական մոտեցում ցուցաբերել՝ նոր մեխանիզմների ներդրմամբ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: